| libero_am ( @ 2007-12-23 02:44:00 |
Ես չեմ ընտրի Սերժին քանի որ նա չունի պատասխան Լեւոն Տեր-Պետրոսյանի հետեւյալ մեղադրանքներին`
"...
Թեեւ իշխանությունները չափազանց բուռն արձագանքեցին իմ ելույթներին, բայց զարմանալիորեն նրանք բոլորովին շրջանցեցին «Հայռուսգազարդի» մատակարարած գազի գումարին, հանրապետություն մտնող բենզինի ծավալներին եւ ղազախական գազի ներմուծմանը վերաբերող հարցերը։ Այդ մասին քար լռություն պահպանեցին թե՛ հանրապետության պերճախոս նախագահը, թե՛ համեստափայլ վարչապետը։ Լռեցին նաեւ խորհրդարանի պատվավոր անդամները, օրինապաշտ գլխավոր դատախազը եւ անգամ՝ նախագահի թեկնածուները։ Ի՞նչն է, արդ, այս տոտալ համրության պատճառը։ Ո՞չ արդյոք այն, որ մենք խփել ենք ճիշտ նշանակետին, եւ իշխանություններին ներկայացրել այնպիսի կոնկրետ ու ծանրագույն մեղադրանքներ, որոնց պատասխանը նրանք չունեն։ Մի՞թե ավելի համոզիչ փաստարկ է պետք Հայաստանում առկա կոռուպցիայի աստիճանը պատկերացնելու եւ ներկա վարչախմբի հանցավորությունն ապացուցելու համար... "
"...
- «Հայռուսգազարդ» ընկերության հիմնադրման պայմանագրով՝ ռուսական կողմն իր 55% կազմող մասնաբաժինը պարտավորվել էր վճարել գազով, որը չորս տարվա ընթացքում պիտի ձրի մատակարարվեր Հայաստանին՝ վաճառելու համար հանրապետության բնակիչներին ու ձեռնարկություններին։ Հանրապետության ներկա իշխանություններն այդ գազաքանակն սպառեցին երկու տարում, 1998-1999 թվականներին, իսկ նրա վաճառքի դիմաց գոյացած 148 միլիոն դոլարը, նախագահ Քոչարյանի վկայությամբ, պարզապես անհետացավ։ Եւ մինչ օրս էլ ոչ ոքի հայտնի չէ, թե ում գրպանում հայտնվեց, նույնիսկ ամենահարուստ երկրների չափանիշներով պատկառելի համարվող, այդ գումարը։
- Պաշտոնական վիճակագրության տվյալներով՝ 2002 թվականից սկսած, Հայաստան ներմուծվող բենզինի ամսական ծավալները կազմում են 12.000 - 15.000 տոննա, մինչդեռ հայտնի է, որ 1997 թվականի աշնանն արդեն ներկրվում էր ամսական 30.000 տոննա։ Ինչո՞վ բացատրել հանրապետությունում բենզինի սպառման այս շեշտակի անկումը։ Չէ՞ որ մեր երկրում արձանագրվող «աննախադեպ տնտեսական զարգացման» եւ ավտոմեքենաների թվի անընդհատ աճի պայմաններում բենզինի պահանջարկը ոչ թե պիտի նվազեր, այլ ավելանար։ Իրականում, մասնագետների գնահատմամբ, 2002 թվականից ի վեր, Հայաստանը ներմուծել է ամսական ավելի քան 50.000, թերեւս, անգամ 60.000 տոննա բենզին։ Դա նշանակում է, որ վեց տարվա կտրվածքով, պաշտոնական վիճակագրությունը չի հաշվառել շուրջ երեք միլիոն տոննա բենզին, որը, բնականաբար, դուրս է մնացել հարկման դաշտից։ Թե ինչ ահռելի չգանձված պետական եկամուտների մասին է խոսքը, ցանկացած տնտեսագետ կարող է հեշտությամբ հաշվել։
- Նույնպիսի արտառոց մի մեքենայություն էլ կապված է ղազախական գազի խոշոր ծավալների ներմուծման հետ, որն ընդհանրապես արտացոլված չէ Հայաստանի վիճակագրական պաշտոնագրերում։ Այդ փաստն ինձ հաջողվեց բացահայտել միայն Ղազախստանի պաշտոնական վիճակագրությանը ծանոթանալու շնորհիվ, ըստ որի՝ այդ երկիրը 2006 թվականին Հայաստան է արտահանել շուրջ 1 միլիարդ 200 միլիոն խորանարդ մետր գազ, որի արժեքը կազմում է 157 միլիոն դոլար։ Մնում է գուշակել, թե ում բանկային հաշվի վրա է նստել այդ գազաքանակի վաճառքից գոյացած գումարը։ Ի դեպ, բացառված չէ, որ այդ գործարքը շարունակվում է նաեւ այս տարի, սակայն քանի որ 2007 թվականի վիճակագրական տվյալները դեռեւս հրապարակված չեն՝ դա չենք կարող պնդել։
- Թեեւ ոչ իմ ելույթում, այլ մամուլում վերջերս հրապարակումներ եղան ներկա վարչախմբի հանցավոր էությունը բացահայտող եւս մի աներեւակայելի փաստի մասին։ Խոսքը վերաբերում է 2004 թվականին Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության վերահսկողության վարչության կողմից Արարատյան մաքսատանը կատարված ստուգումներին։ Այդ ստուգումների հիման վրա կազմվել է Թ. 223 ակտը, որը ստորագրել են՝ վերահսկողության վարչության կողմից Ն. Գրիգորյանը, Գ. Հարությունյանը, Ա. Բաբաջանյանը եւ Ա. Հարությունյանը, իսկ մաքսատան կողմից՝ Ա. Ստեփանյանը, Ս. Ավետիքյանը, Ա. Հարությունյանը եւ Լ. Պողոսյանը։ Ստուգումների արդյունքում պարզվել է, որ 2001-2003 թվականների ժամանակամիջոցում մաքսատան աշխատակիցների անփութության կամ չարաշահումների պատճառով պետական բյուջե չի մուտքագրվել ավելի քան 12 միլիարդ դրամ (մոտ 20 միլիոն դոլար)։ Թեեւ սա վերոհիշյալ դեպքերի համեմատ մեծ գումար չի կազմում, սակայն տվյալ պարագայում մենք գործ ունենք բոլորովին այլ բնույթի մի ապօրինության հետ։ Ստուգման ակտը ինչ-որ մեկի հրամանով անհետացել է, իսկ Ֆինանսների նախարարության վերահսկողության ծառայության պետը՝ հայտնվել բանտում: