?

Log in

libero_am
19 February 2008 @ 12:00 pm
   Սիրելի բարեկամ.
   Համաձայն ՀՀ Սահմանադրության 27 հոդվածի, "Յուրաքանչյուր ոք ունի իր կարծիքն ազատ արտահայտելու իրավունք: Արգելվում է մարդուն հարկադրել հրաժարվելու իր կարծիքից կամ փոխելու այն:
Յուրաքանչյուր ոք ունի խոսքի ազատության իրավունք, ներառյալ` տեղեկություններ եւ գաղափարներ փնտրելու, ստանալու, տարածելու ազատությունը տեղեկատվության ցանկացած միջոցով` անկախ պետական սահմաններից":
   Համաձայն ՀՀ Ընտրական օրենսգրքի 18-րդ հոդվածի 2-րդ կետի,  "ՀՀ քաղաքացիները, կուսակցությունները, կուսակցությունների դաշինքները իրավունք ունեն օրենքով չարգելված ձեւերով քարոզչություն կատարել ցանկացած թեկնածուի կամ կուսակցության օգտին կամ նրա դեմ":
   Այս կայքէջը նվիրված է ՀՀ Նախագահի թեկնածուներից մեկի` Սերժիկ Ազատի Սարգսյանի դեմ քարոզչությանը:
   Ստորեւ իմ կողմից հրապարակվելու են նյութեր, որոնք, ըստ իս, հիմնավորելու են վերոնշյալ թեկնածուին  կտրականապես մերժելու անհրաժեշտությունը:
   Սիրով սպասում եմ Ձեր մեկնաբանություններին: Համոզված եմ, որ կունենաք ինձ համար անհայտ տեղեկություններ կամ փաստեր, որոնք լրացուցիչ լույս կսփռեն պրն. Սարգսյանի "ազգանվեր" գործունեության վրա:
 
 
libero_am
Սերժի Նախագահ դառնալը կբերի հետեւյալին`
  1. Ռոբերտ Քոչարյանը կխուսափի "Հանրապետության ամենաերիտասարդ թոշակառու"  դառնալուց, տեղի կունենա ոչինչ չփոխոող փոխատեղում` "քաչալ Հասան - Հասան քաչալ" տարբերակով: Ղարաբաղյան կլանը առնվազն նույն թափով կշարունակի իր ազգակործան գործունեությունը, տանդեմի "ազգանվեր" կադրային քաղաքականությունը կշարունակի հայաթափել Ղարաբաղը;
  2. Ի հեճուկս ծախու սոցիոլոգների, Սերժի ազնիվ ընտրություններով հաղթելը բացառված լինելու պայմաններում, կեղծված ընտրությունների եւ դրան անխուսափելիորեն հաջորդող ցնցումների պատճառով տուժելու է Հայաստանի միջազգային վարկը, ավելանալու է միջազգային կառույցների ճնշումը մեր երկրի վրա, անբարենպաստ պայմաններ են ստեղծվելու Ղարաբաղյան հիմնահարցի հայանպաստ լուծման համար;
  3. Կծաղկեն կոռուպցիան եւ հովանավորչությունը;
  4. Չի մնա ոչ մի ժողովրդավարական զարգացման հույս, էլ ավելի կխորանա ճնշումը ազատ խոսքի եւ մամուլի նկատմամբ;
  5. Պետությունն էլ ավելի կսերտաճի կրիմինալի հետ, կխորանա ֆորպոստիզացիան, տգետ իշխանավորների եւ հղբացած օլիգարխների խրախճանքից պրծում չի լինի;
  6. Կշարունակի չբացահայտված մնալ "Հոկտեմբերի 27-ը":
 
 
libero_am
  • 1998 թ., լինելով ՀՀ ներքին գործերի եւ ազգային անվտանգության նախարար նա անմիջական եւ ակտիվ մասնակցություն է ունեցել իրեն նշանակած Լեւոն Տեր-Պետրոսյանին հայտնի ուժերի կողմից հրաժարական պարտադրելու գործում:
  • 1998 թ., լինելով նույն պաշտոնում ոչ թե կանխել այլ ակտիվորեն աջակցել է Ռոբերտ Քոչարյանին ապօրինաբար որպես ՀՀ Նախագահի թեկնածու գրանցելուն, ընտրությունների արդյունքները կեղծելուն եւ ընտրված Կարեն Դեմիրճյանի փոխարեն Ռոբերտ Քոչարյանին ՀՀ Նախագահ կարգելուն:
  • 1999 թ., լինելով ՀՀ Ազգային անվտանգության նախարար չի կանխել հոկտեմբերի 27-ի ահաբեկչությունը, որի արդյունքում սպանվել են Վազգեն Սարգսյանն ու Կարեն Դեմիրճյանը եւ կանաչ ճանապարհ է հարթվել ապօրինի նախագահ Ռ. Քոչարյանի միանձնյա իշխանավարման համար:
  • 2003 թ., լինելով ՀՀ Պաշտպանության նախարար, ՀՀ Նախագահի ընտրությունների ժամանակ գլխավորել է ապօրինի թեկնածու Ռ. Քոչարյանի նախընտրական շտաբը, կազմակերպել եւ հովանավորել է զանգվածային ընտրախախտումներ, որոնց արդյունքում նորից ՀՀ Նախագահ է կարգվել Ռ. Քոչարյանը` իրականում ժողովրդի մեծամասնության քվեները ստացած Ստեփան Դեմիրճյանի փոխարեն:
  • 2007թ., լինելով ՀՀ վարչապետ եւ Հանրապետական կուսկցության ղեկավար, խորհրդարանական ընտրությունների ժամանակ ի նպաստ սեփական քաղաքական շահերի է ծառայեցրել ամբողջ պետական մեքենան, աներեւակայելի չափերի հասցրել ընտրողների ձայների զանգվածային գնումը, ինչի միջոցով ապահովել է սեփական կուսակցության գերիշխող դերը ՀՀ խորհրդարանում:
  • 1993-2008 թթ., լինելով բարձրաստիճան պաշտոնյա, անձնական շահի դրդմամբ եւ զավթած իշխանությունն ամրապնդելու համար, Ռոբերտ Քոչարյանի հետ միասին ստեղծել եւ հովանավորել է երկրի տնտեսությունը վերահսկող օլիգարխիկ խմբեր, ինչով ծանրագույն հարված է հասցրել երկրի տնտեսությանը եւ նպաստել ժողովրդի հարստահարմանը:
 
 
libero_am
1999 թ. հոկտեմբերի 27-ին Սերժը մեր երկրի Ազգային անվտանգության նախարարն էր եւ նա ամենեւին սկսնակ չեր այդ պաշտոնում:
1995-1996 թթ. նա ՀՀ պետական անվտանգության վարչության պետ, ապա Ազգային անվտանգության նախարար էր, իսկ 1996-1999 թթ. ՀՀ Ներքին գործերի եւ Ազգային անվտանգության միացյալ նախարարության ղեկավար:
Այսքանը լիովին բավարար է պնդելու համար, որ Սերժը պատասխանատու է աշխարհում մինչ այդ չտեսնված այս ոճրագործությունը չկանխելու համար:
Նորմալ մարդը այդ իրավիճակում ինքնակամ հրաժարական կտար, բայց ոչ նա:

Հետագա զարգացումները բացահայտեցին ոճրագործ Նաիրի Հունանյանի կապը ՀՀ Ազգային անվտանգության մարմինների հետ, բայց գործը, ինչպես գիտեք, կազմակերպիչների մասով կարճվեց:


 
 
libero_am
1993-1995 եւ 2000-2007 թթ. Սերժը եղել է մեր երկրի պաշտպանության նախարար:
Մի կողմ թողնենք պատերազմի տարիների նրա նախարարական աշխատանքը, որն իրականացվում էր այն ժամանակվա պետ. նախարար Վազգեն Սարգսյանի անմիջական ղեկավարության ներքո: Միայն մեկ փոքրիկ դրվագ` այդ տարիներին, հենց ՊՆ համակարգում սկսվեց Սերժի ընկեր Բարսեղ Բեգլարյանի (Ֆլեշի Բարսեղի) բիզնես-վերելքը: Որպես ականատես ասեմ, որ սկսվեց զրոից:
Հիմա հիմնականը:
Ինչպե՞ս է ղեկավարել Սերժը 2000-2007 խաղաղ տարիներին, ի՞նչ բարեփոխումներ է արել բանակում:
Այն, որ հայոց բանակը դարձել է մեր երիտասարդների նվաստացման եւ պետական ու զինվորների ծնողների փողերի անսանձ թալանի մի հրեշ բոլորիդ է հայտնի:
Նախարար Սերժը չէ՞ր տեսնում իր լկտիացած գեներալների պահվածքը, չգիտե՞ր, որ իր հրամանով զինվորներին պարտադրում էին բաց քվեարկել ըմտրություններում (ինձ զինվոր տղաս է պատմել, թէ ինչ ռիսկի եւ խորամանկության է դիմել սահմանադրական հանրաքվեի ժամանակ աննկատ դեմ քվեարկելու համար):
Սերժը երեւի չգիտի նաեւ ստորեւ բերվող գնացուցակի մասին`
  • բանակից ազատվելն արժե` 7000-10000 ԱՄՆ դոլար;
  • քեզ հարմար զորամասում ծառաելն արժե` 2000-5000 ԱՄՆ դոլար;
  • տանը նստած "ծառայելն" ամսական արժե` 200-500 ԱՄՆ դոլար;
  • կարճատեւ արձակուրդ գնալն արժե` 50-100 ԱՄՆ դոլար;
  • հրամանատարի լավ վերաբերմունքն արժե` մանր նվերներ, կերուխում;
  • խաղապահ գումարտակում ընդգրկվելն արժե` (ով գիտի` ասեք)
Լավ, թալանը թողնենք մի կողմ, սա սովորական բան է մեր հերոսի համար:
Ամբողջ քաղաքակիրթ աշխարհը գնում է պրոֆեսիոնալ բանակի ստեղծման ուղիով: Հաշվի առնելով մեր երկրի ժողովրդագրական ծայրահեղ ծանր իրավիճակը դա միակ փրկությունն է մեզ համար:
Իսկ ահա պարոն Սերժիկը գտնում է, որ մենք պատրաստ չենք դրան անցնելու, ֆինանսական դժվարություններ կունենանք: Եվ նա ճիշտ է: Մենք միշտ ֆինանսական դժվարություններ կունենանք քանի դեռ Սերժիկն ու Ռոբիկն են մեր իշխանավորները:
 
 
 
libero_am
Միայն չտես գավառացին կարող էր նման բան անել`
  • Պատգամավոր կարգել իր կիսագրագետ եղբորը` գազային տնտեսատեխնիկ Սաշիկ Սարգսյանին: Ծանոթացեք խնդրում եմ այս "ազգընտիրի" կենսագրությանը եւ նայեք դեմքին այս էջում: Իսկ հիմա լրջորեն խորհենք: Պետության, իմ եւ ձեր մասին օրնիբուն մտածող պետական այրը` Սերժիկը, սկզբում իր սիրելի եղբորը դարձնում է "Սիրիուս" ԸՏԲԸ տնօրենի տեղակալ (այս "Սիրիուսի" եւ Սերժի հետ կապված ինչ որ բաներ կան, կհիշեմ կգրեմ), հետո երկու անգամ խծկում է Ազգային ժողով, հետո պարզվում է սա մեր երկրի մեծահարուստներից մեկն է, միլիոնավոր դոլարներ է ներդրել շինարարության մեջ ԱՄՆ-ում: Ժամանակ ունենամ կտեղադրեմ նաեւ սրա տան լուսանկարը Երեւանի Թումանյան փողոցում:
  • Իրեն (վարչապետի) օգնական կարգել սեփական փեսային: Փեսան հաջողակ բիզնեսմեն է, "Ջազվե" սրճարանների ցանցի բուռն զարգացումն այլեւս անխուսափելի է:
  • Իր վարորդ Վաչոյին դարձնել քաղաքական դեմք: Սրա գործունեության, բիզնեսների, օբյեկտների մասին հարյուր բան լսած կլինեք. դրանց անդրադառնալու զահլա չունեմ, եթե կուզեք` գրեք մեկնաբանություններում:
 
 
libero_am
Mous"...
Փորձեք հիշել կամ պարզել նաեւ, թե ո՛ր կենդանակերպի նշանի տակ ծնված երջանիկին են պատկանում թեկուզ Խորհրդային Հայաստանի վարչական միավորներից մեկի՝ Արտաշատի շրջանի հետեւյալ ձեռնարկությունները. Արտաշատի գինու գործարանը, նույն քաղաքի մեխանիկական գործարանը, Շահումյան գյուղի շարժական մեքենայացված շարասյունը, այդ գյուղում տեղակայված գյուղշին 5-րդ տրեստի ավտոպարկը, Արտաշատի «Սիրիուս» գործարանը, Արտաշատի կենցաղսպասարկման շենքը՝ վերածված կազինոյի, «Արտաշատ» գաստրոնոմը, Արտաշատի հին բաղնիքը, նույն քաղաքի հյուրանոցի ռեստորանը, Մխչյան գյուղի գինու գործարանը, շրջանի բոլոր գազալցակայանները, Մխչյանի ավտոձեռնարկությունը, Մխչյանի բետոնի գործարանը, Արաքս գետի երեք ավազահանքեր, հազարավոր հեկտար կազմող հողատարածքներ ու հանքավայրեր Նարեկ, Քաղցրաշեն, Ուրցաձոր, Գոռավան գյուղերում եւ Արարատի մարզի այլ բնակավայրերում։
..."
Լեւոն Տեր-Պետրոսյան,
ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ, ԳԱՂԱՓԱՐԱԽՈՍՈՒԹՅՈՒՆ, ՏԻՊԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ,
Հանրահավաք Երեւանում,
08.12.2007
 
 
 
libero_am
"...
  • «Հայռուսգազարդ» ընկերության հիմնադրման պայմանագրով՝ ռուսական կողմն իր 55% կազմող մասնաբաժինը պարտավորվել էր վճարել գազով, որը չորս տարվա ընթացքում պիտի ձրի մատակարարվեր Հայաստանին՝ վաճառելու համար հանրապետության բնակիչներին ու ձեռնարկություններին։ Հանրապետության ներկա իշխանություններն այդ գազաքանակն սպառեցին երկու տարում, 1998-1999 թվականներին, իսկ նրա վաճառքի դիմաց գոյացած 148 միլիոն դոլարը, նախագահ Քոչարյանի վկայությամբ, պարզապես անհետացավ։ Եւ մինչ օրս էլ ոչ ոքի հայտնի չէ, թե ում գրպանում հայտնվեց, նույնիսկ ամենահարուստ երկրների չափանիշներով պատկառելի համարվող, այդ գումարը։
  • Պաշտոնական վիճակագրության տվյալներով՝ 2002 թվականից սկսած, Հայաստան ներմուծվող բենզինի ամսական ծավալները կազմում են 12.000 - 15.000 տոննա, մինչդեռ հայտնի է, որ 1997 թվականի աշնանն արդեն ներկրվում էր ամսական 30.000 տոննա։ Ինչո՞վ բացատրել հանրապետությունում բենզինի սպառման այս շեշտակի անկումը։ Չէ՞ որ մեր երկրում արձանագրվող «աննախադեպ տնտեսական զարգացման» եւ ավտոմեքենաների թվի անընդհատ աճի պայմաններում բենզինի պահանջարկը ոչ թե պիտի նվազեր, այլ ավելանար։ Իրականում, մասնագետների գնահատմամբ, 2002 թվականից ի վեր, Հայաստանը ներմուծել է ամսական ավելի քան 50.000, թերեւս, անգամ 60.000 տոննա բենզին։ Դա նշանակում է, որ վեց տարվա կտրվածքով, պաշտոնական վիճակագրությունը չի հաշվառել շուրջ երեք միլիոն տոննա բենզին, որը, բնականաբար, դուրս է մնացել հարկման դաշտից։ Թե ինչ ահռելի չգանձված պետական եկամուտների մասին է խոսքը, ցանկացած տնտեսագետ կարող է հեշտությամբ հաշվել։
  • Նույնպիսի արտառոց մի մեքենայություն էլ կապված է ղազախական գազի խոշոր ծավալների ներմուծման հետ, որն ընդհանրապես արտացոլված չէ Հայաստանի վիճակագրական պաշտոնագրերում։ Այդ փաստն ինձ հաջողվեց բացահայտել միայն Ղազախստանի պաշտոնական վիճակագրությանը ծանոթանալու շնորհիվ, ըստ որի՝ այդ երկիրը 2006 թվականին Հայաստան է արտահանել շուրջ 1 միլիարդ 200 միլիոն խորանարդ մետր գազ, որի արժեքը կազմում է 157 միլիոն դոլար։ Մնում է գուշակել, թե ում բանկային հաշվի վրա է նստել այդ գազաքանակի վաճառքից գոյացած գումարը։ Ի դեպ, բացառված չէ, որ այդ գործարքը շարունակվում է նաեւ այս տարի, սակայն քանի որ 2007 թվականի վիճակագրական տվյալները դեռեւս հրապարակված չեն՝ դա չենք կարող պնդել։
  • Թեեւ ոչ իմ ելույթում, այլ մամուլում վերջերս հրապարակումներ եղան ներկա վարչախմբի հանցավոր էությունը բացահայտող եւս մի աներեւակայելի փաստի մասին։ Խոսքը վերաբերում է 2004 թվականին Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության վերահսկողության վարչության կողմից Արարատյան մաքսատանը կատարված ստուգումներին։ Այդ ստուգումների հիման վրա կազմվել է Թ. 223 ակտը, որը ստորագրել են՝ վերահսկողության վարչության կողմից Ն. Գրիգորյանը, Գ. Հարությունյանը, Ա. Բաբաջանյանը եւ Ա. Հարությունյանը, իսկ մաքսատան կողմից՝ Ա. Ստեփանյանը, Ս. Ավետիքյանը, Ա. Հարությունյանը եւ Լ. Պողոսյանը։ Ստուգումների արդյունքում պարզվել է, որ 2001-2003 թվականների ժամանակամիջոցում մաքսատան աշխատակիցների անփութության կամ չարաշահումների պատճառով պետական բյուջե չի մուտքագրվել ավելի քան 12 միլիարդ դրամ (մոտ 20 միլիոն դոլար)։ Թեեւ սա վերոհիշյալ դեպքերի համեմատ մեծ գումար չի կազմում, սակայն տվյալ պարագայում մենք գործ ունենք բոլորովին այլ բնույթի մի ապօրինության հետ։ Ստուգման ակտը ինչ-որ մեկի հրամանով անհետացել է, իսկ Ֆինանսների նախարարության վերահսկողության ծառայության պետը՝ հայտնվել բանտում:

Թեեւ իշխանությունները չափազանց բուռն արձագանքեցին իմ ելույթներին, բայց զարմանալիորեն նրանք բոլորովին շրջանցեցին «Հայռուսգազարդի» մատակարարած գազի գումարին, հանրապետություն մտնող բենզինի ծավալներին եւ ղազախական գազի ներմուծմանը վերաբերող հարցերը։ Այդ մասին քար լռություն պահպանեցին թե՛ հանրապետության պերճախոս նախագահը, թե՛ համեստափայլ վարչապետը։ Լռեցին նաեւ խորհրդարանի պատվավոր անդամները, օրինապաշտ գլխավոր դատախազը եւ անգամ՝ նախագահի թեկնածուները։ Ի՞նչն է, արդ, այս տոտալ համրության պատճառը։ Ո՞չ արդյոք այն, որ մենք խփել ենք ճիշտ նշանակետին, եւ իշխանություններին ներկայացրել այնպիսի կոնկրետ ու ծանրագույն մեղադրանքներ, որոնց պատասխանը նրանք չունեն։ Մի՞թե ավելի համոզիչ փաստարկ է պետք Հայաստանում առկա կոռուպցիայի աստիճանը պատկերացնելու եւ ներկա վարչախմբի հանցավորությունն ապացուցելու համար... "